Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Ի՞նչ կարող է առաջարկել տզրուկաբուժությունը վարիկոզ հիվանդության ժամանակ

Այսօր յուրաքանչյուր հինգերորդ կնոջ և իններորդ տղամարդու մոտ առկա է երակների վարիկոզ լայնացում, որոնցից յուրաքանչյուր չորրորդն այնպիսի բարդացումներ ունի, ինչպիսիք են թրոմբոֆլեբիտը և թրոմբային խոցերը:

Ի՞նչպես պայքարել դրա դեմ:
Բուժումն արդյո՞ք հնարավոր է առանց վիրահատական միջամտության:
Այս հարցերին պատասխանում է բժիշկ-հիրուդոթերապևտ Փառանձեմ  Արամայիսի Մովսիսյանը:

— Պատմեք, խնդրե՛մ, այս հիվանդության մասին: Երակների վարիկոզ լայնացման բուժման ի՞նչ միջոցներ գոյություն ունեն:

— Մեզանից յուրաքանչյուրը հաճախ է ոտքերի վրա նկատում հազիվ տեսանելի լայնացած երակ կամ երակային ցանց, սակայն հիմնականում դրան առանձնակի կարևորություն չի տալիս: Որոշ ժամանակ անց երակն ավելի արտահայտիչ է դառնում՝ ոտքի երկայնքով շարունակելով դեպի վերև կամ ներքև, և որին այնուհետև հաջորդում է վարիկոզ հանգույցների ի հայտ գալը: Անուշադրության մատնելու  պարագայում այս ամենին ավելանում են ոտնաթաթի այտուցները՝ հատկապես աշխատանքային օրվա վերջում, որին ուղեկցում են ոտքերում ցավն ու հոգնածությունը: Նման գանգատների առկայության դեպքում մասնագետն ախտորոշում է ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն:


Վարիկոզ լայնացում դիտվում է ստորին վերջույթների ենթամաշկային ավելի հաճախ մեծ և հազվադեպ՝ փոքր երակների ավազանում:
 
Ենթամաշկային մեծ երակների լայնացումը կարող է պայմանավորված լինել փականային համակարգի բնածին անբավարարությամբ կամ երակային պատի թուլությամբ, ինչպես նաև մշտապես բարձր երակային ճնշմամբ, արյան հոսքի խանգարումներով և այլն:
Վարիկոզ լայնացմանը նախատրամադրող գործոններ են ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ոտքերի վրա երկար կանգնելը, հղիությունը, գիրությունը:

Տարբերակում են երակների առաջնային և երկրորդային լայնացում:
Երակների առաջնային լայնացում ավելի հաճախ հանդիպում է վարսահարդարների, ատամնաբույժների, վիրաբույժների և վաճառողների մոտ:
Երկրորդային վարիկոզ լայնացում առաջանում է սրունքի և ազդրի խորը երակային թրոմբոզի ժամանակ: Հատկապես երակային ավազանում ճնշման կտրուկ բարձրացումը հանգեցնում է երակներով արյան հոսքի մեծացմանը և աստիճանաբար այս անոթներում փականային անբավարարության զարգացմանը: Երակների վարիկոզ լայնացման պատճառ կարող են լինել արգանդի և ձվարանների ուռուցքները՝ փոքր կոնքի խոռոչում երակային ավազանի վրա ճնշման արդյունքում:
Վարիկոզ լայնացած երակներում տեղի է ունենում արյան հոսքի դանդաղում՝ հանգեցնելով մազանոթային արյան շրջանառության խանգարման և երակային պատի թափանցելիության մեծացման, ինչի արդյունք են՝ այտուցվածությունը, ենթամաշկային հյուսվածքի սկլերոտիկ փոփոխությունները, վարիկոզ հանգույցների առաջացումը:
 Ժամանակի ընթացքում՝ երակների վարիկոզ լայնացման խորացման հետ մեկտեղ, ի հայտ են գալիս տրոֆիկ խանգարումներ՝ տեղակայված հատկապես սրունքի հետին մակերևույթին: Այդ խանգարումներից են՝ պիգմենտացիան, մաշկաբորբը, իսկ ավելի ուշ այնպիսի ծանր բարդություններ, ինչպիսիք են տրոֆիկ խոցերը և թրոմբոֆլեբիտը:
Վարիկոզ հիվանդության ավանդական բուժումը վիրահատությունն է: Նման վիրահատությունից հետո հիվանդը թեթևություն է զգում, անհետանում են կոսմետիկ թերությունները: Սակայն որոշ ժամանակ անց ախտանիշները վերադառնում են: Ընդ որում, եթե մինչ այդ վարիկոզ լայնացումը մեկ ոտքի վրա էր, ապա գործընթացի մեջ է ներառվում նաև մյուս՝ առողջ  ոտքը:

— Ինչո՞վ է դա պայմանավորված:


— Պարզվում է, որ հեռացված երակների ծանրաբեռնվածությունը իրենց վրա են վերցնում վիրահատված վերջույթի խորը երակները, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև առողջ ոտքի երակները: Ավելի ուշ ոտքերի վրա նկատելի են դառնում տրոֆիկ խոցեր: Արդյունքում ձեռք են բերվում դժվար բուժման ենթարկվող լուրջ բարդություններ:

— Այս հիվանդության դեմ պայքարում ի՞նչ կարող է առաջարկել տզրուկաբուժությունը:


— Տզրուկաբուժությունն առաջին հերթին կօգնի պահպանել երակները և վերականգնել խաթարված գործառույթը:
Ստորին վերջույթների երակների լայնացումն օրգանիզմի ներքին վիճակի արտացոլումն է: Որպես կանոն, վարիկոզ հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ նկատվում են կանգային բնույթի գլխացավեր, փորկապություն, լյարդի և լեղապարկի աշխատանքի խանգարումներ, կանանց մոտ նաև՝ արգանդի և ձվարանների քրոնիկ հիվանդություններ: Հետևաբար, անհրաժեշտ է ազդել ո՛չ միայն վարիկոզ լայնացած երակների հատվածում, այլ նաև ամբողջ օրգանիզի վրա՝ հաշվի առնելով համապատասխան քրոնիկ հիվանդությունները:  

Բնությունն ինքն արդեն մարդուն տվել է բուժիչ միջոցներ՝ բուժիչ խոտաբույսեր և նաև բժշկական տզրուկները: Բժշկական տզրուկին կարելի է համարել անոթային բժիշկ:
 Տզրուկներին տեղադրում են պոչուկի ռեֆլեկտոր կետերում (փոքր կոնքի շրջանում՝ երակային կանգի թեթևացման նպատակով): Տզրուկի թուքը պարունակում է հիրուդին կոչվող հատուկ նյութ, որը կանխում է արյան մակարդումը՝ դրանով իսկ բարելավելով արյան շրջանառությունը:

Հիրուդինից բացի տզրուկի թուքը 100-ից ավելի կենսաբանորեն ակտիվ նյութեր է պարունակում, որոնք օժտված են բուժական լայն սպեկտրի արդյունավետությամբ: Տզրուկի արյուն քաշելու ակտից հետո ախտահարված օրգանների և երակների վրա թողնում է բուժական ազդեցություն. խթանվում է միկրոշրջանառությունը կարգավորող մեխանիզմների մի ամբողջ շարք, մասնավորապես, վերանում է անոթային սպազմը, արագանում է արյան հոսքը, նվազում մածուցիկությունը: Այս ամենը նպաստում է հյուսվածքների սնուցման վերականգնմանը և, հետևաբար, ախտաբանական  գործընթացների վերացմանը:
Գալիս ենք մի կարևոր եզրահանգման՝  հիվանդությունը հնարավոր է կանխել առանց վիրահատական միջամտության: Բնության կողմից ստեղծված բուժիչ բույսերը և բժշկական տզրուկներն ընդունակ են ձեր ոտքերն առողջ և գեղեցիկ դարձնել: